«Փոքր թանգարան մեծ թանգարանի ներսում». այս տպավորությունն է թողնում Թումանյանի՝ գեղագիտական ճաշակի կնիքը կրող ողջ «թիֆլիսյան բնակարանը» բանաստեղծի երևանյան թանգարանում…
Բնակարանի բարձրարվեստ զարդարանքը կազմող հավաքածուի ցուցանմուշներից այսօր էլ այցելուի ուշադրությունը գրավում է հյուրասենյակում՝ դաշնամուրի վրա «հպարտորեն բազմած» ճենապակյա շնիկի արձանիկը:
Ցուցանմուշն առիթ է տալիս ուսումնասիրելու ռուսական ճենապակու պատմության որոշ էջեր:
19-րդ դարի առաջին կեսին ռուսական ճենապակու արտադրության ոլորտում առաջատար տեղ է զբաղեցնումՊոպովի գործարանը[1], որտեղ և «ծնվել է» մեզ հետաքրքող ցուցանմուշը՝ «Բոլոնկա» ցեղատեսակի շանը պատկերող ճենապակյա արձանիկը՝ համաձայն մեյսենյան մանուֆակտուրայի քանդակագործ Կենդլերի բնօրինակի: Պոպովյան արտադրանքի հաջողությունը պայմանավորված էր ինչպես իր վարպետների մասնագիտական հմտություններով, այնպես էլ նույն գործարանում հիմնադրված լաբորատորիայում մշակված գույների սեփական գունապնակով. այն առանձնանում է գունագեղությամբ, ազգային կոլորիտով և նրբագեղությամբ:
Ինչպես հայտնի է, այն 1804 թ. հիմնադրում է գարդներյան ճենապակուգործարանի վարպետներից Կառլ Մելլին Մոսկվայի նահանգի Դմիտրովսկի շրջանի Գարբունով գյուղում: 1811թ. Ալեքսեյ Գավրիլովիչ Պոպովը (առաջին գիլդիայի առևտրական, կոմերցիոն գործերի խորհրդատու և Մոսկվայի քաղաքագլուխ) գնելով գործարանը՝ դառնում է նաև գարդներյան ճենապակու արտադրման տեխնիկական նվաճումների ժառանգորդը: Ուշագրավ է, որ եթե իր գոյության սկզբնական շրջանում Պոպովի գործարաննառաջնորդվում էր ֆրանսիական, անգլիական և գերմանական ճենապակյա իրերի նկարազարդման «գրիզայլ» կոչվող դեկորատիվ գեղանկարչության և այլ տեխնիկական հնարքների (ավանդների) կիրառմամբ, ապա արդեն 19-րդ դարի 20-ական թվականներից ներկայանում է իրեն բնորոշ նկարագրով:
Ժամանակակիցների վկայությամբ` սեփականատիրոջ` մեծ խանդավառության և ինքնուրույն դիմագիծ կերտելու ուղղությամբ արված անմնացորդ ջանքերի շնորհիվ է, որ գործարանը շատ կարճ ժամանակամիջոցում սպիտակաթույր ճենապակու՝ իր զանգվածային արտադրանքով և գեղարվեստական կատարողական վարպետությամբ կանգնում է «Գարդների», «Կորնիլով եղբայրների», «Կայսերական ճենապակու» և այլ առաջատար գործարանների կողքին:
Հիմնադրման առաջին իսկ օրից այն բավական մեծ ձեռնարկություն էր. շուրջ 250 աշխատող ունեցող գործարանն առանձնանում էր նաև իր արտադրանքի հարուստ տեսակազմով (նմուշակազմով)` սեղանի և թեյի հավաքածուներ, ծաղկամաններ, թանաքամաններ, պանդոկային սպասք, ճենապակյա արձանիկներ, կենդանիների քանդակներ և տան համար այլ նրբագեղ պարագաներ: Գործարանը հասարակության տարբեր շերտերին առաջարկում էր ինչպես պարզ, այնպես էլ շքեղ ապրանքատեսակներ և հավաքածուներ, որոնց արժեքը դեռ 1831թ. հասնում էր մինչև 1000-1500 ռուբլի:
Գործունեության առաջին իսկ տարիներից գործարանն ունեցել է իր ապրանքապիտակը (մակնիշը): Սկզբնական շրջանում պոպովյան արտադրանքի վրա հանդիպում ենք ոսկե և կարմիր, իսկ ավելի ուշ՝ սև և կապույտ գույներով դրոշմված գործարանատիրոջ անվան սկզբնատառերից կազմված «АП» կցագիրը, հետագայում՝ «Н» և «Б», հազվադեպ՝ «Поповы»: Հանդիպում են նաև աշխատանքներ (ինչպես օրինակ՝ Թումանյանին պատկանող արձանիկը), որոնց վրա ապրանքապիտակը բացակայում է:
Պոպովյան արտադրանքի մեջ մեծ համակրանք էին վայելում հատկապես քանդակներն ու արձանիկները, որոնք այսօր էլ շարունակում են համալրել թանգարանների, ինչպես նաև անհատ կոլեկցիոներների հավաքածուները:
Դրանք մեծ մասամբ նկարազարդվում էին նախքան ջնարակումը, կամ ջնարակումից հետո, իսկ որոշ աշխատանքներ պատրաստվում էինբիսկվիտից. այդպես է կոչվում անջնարակ, փայլատ, սպիտակ կրկնաթուրծ ճենապակին, որը մարմարի տպավորություն է թողնում: Այդ հումքից է պատրաստված նաև«Բոլոնկա»արձանիկը (բարձր.` 20 սմ, հիմքը՝ 12x21): Նրա սպիտակաթույր, երկար թափվող ռելիեֆային խիտ մազածածկույթի վրա տեղ-տեղ կան շագանակագույն բծեր: Ունի արտահայտիչ մոխրագույն աչքեր և կախ ականջներ: Քիթը պատված է սև ջնարակով, իսկ պոչը ծածկված է երկար, ազատ թափվող մորթով:
Հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ 560/ ՀԲ 549:
Ձեռք է բերվել բանաստեղծի ընտանիքից՝ Ակտ N 135, 26/07-68 թ., գինը՝ 50 ռ.:
Հ.Գ.
Թե ինչպես Բոլոնկա ցեղատեսակի շունը Ֆրանսիայից հայտնվեց Ռուսաստանում:
18-րդ դարումՖրանսիայի դեսպանը, պաշտոնական այց կատարելով Ռուսաստան, այս ցեղատեսակի մի քանի շնիկ նվիրում է կայսրուհի Եկատերինա Երկրորդին։ Ռուսաստանում այս շնիկը ստանում է «ֆրանսիական բոլոնկա» անվանումը, բայց ցեղատեսակի ճիշտ անվանումը «բոլոնյեզ» է՝բոլոնականշնիկ:
[1] 19-րդ դարի երրորդ տասնամյակից սկսած Պոպովի գործարանն իր ճենապակյա արտադրանքով մասնակցում է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած համառուսաստանյան արդյունաբերական զանազան ցուցահանդեսների՝ արժանանալով տարբեր աստիճանի շքանշանների (օրինակ՝ սբ. Ստանիսլավի 4-րդ աստիճանի, սբ. Աննայի 3-րդ աստիճանի և սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններ):
Գործարանի գործունեության բուռն շրջանն ավարտվում է, երբ Պոպովի մահից հետո այն ժառանգաբար փոխանցվում է զավակներին, ապա՝ թոռներին: Սակայն նրանք, չկարողանալով պատշաճ մակարդակով կազմակերպել գործարանի բնականոն գործունեությունը, վաճառում են այն: Վերջին սեփականատերը վաճառական Ֆոմիչևն էր:
1875 թ. նա գործարանը լուծարում է՝ գույների ստացման բաղադրատոմսը վաճառելով Կորնիլով եղբայրներին, իսկ քանդակների և սպասքի կաղապարները՝ Իկոննիկովի գործարանին: