Թանգարանի հուշային բաժինը հարուստ է բարձրաճաշակ իրերով: Բացառիկ գեղեցկություն ունի մի շատ հետաքրքիր իր՝ երկկողմանի գավաթ: Արտաքին տեսքով դա կնոջ պատկերաքանդակ է՝ գեղեցիկ սանրվածքով, նուրբ իրանով, ձեռքերը վեր պարզած, շքեղ զգեստով՝ վրան դրոշմված բուսական ոճավոր զարդանախշեր (բարձրությունը՝ 13 սմ, հիմքի տրամագիծը` 5 սմ, վերին ըմպանակի տրամագիծը՝ 3 սմ): Պատրաստված է բաց և մուգ երանգի բրոնզից: Ներքևի զանգակաձև հատվածը, որ կնոջ կիսաշրջազգեստն է, սնամեջ է, երկշերտ: Ներսի շերտը ոսկեգույն բրոնզից է: Վեր պարզած ձեռքերի մեջ հոդակապերի միջոցով ամրացված է շարժական՝ առանցքի շուրջ պտտվող ըմպանակը, նույնպես երկշերտ, ներսի շերտը - ոսկեգույն բրոնզից:
Որոնումների արդյունքում պարզեցինք գավաթի ստեղծման պատմությունը:
Այն կոչվում էնյուրնբերգյան հարսանյաց գավաթ, կամ հարսնացուի գավաթ (գերմ.՝Brautbecher): Պատկանում է գերմանական Վերածննդի ժամանակաշրջանին: Հանդիսանում է սիրո և հավատարմության խորհրդանիշ: Հարսանիքի ժամանակ նորապսակները խմում են այդ գավաթից միասին. մեծ ըմպանակից՝ փեսան, փոքրից՝ հարսը: Այդ իրի ստեղծման վերաբերյալ կա շատ գեղեցիկ լեգենդ: Հնում Նյուրնբերգում ապրում էր Կունիգունդա անունով ազնվազարմ մի աղջիկ, որը սիրահարվում է երիտասարդ ոսկերիչ Դիտերին: Բայց աղջկա հայրը դեմ էր նրանց ամուսնությանը: Լինելով շատ հարուստ և հեղինակավոր մարդ՝ նա կեղծ մեղադրանքով տղային բանտարկել տվեց: Բայց նույնիսկ տարիներ անց Կունիգունդան շարունակում էր սիրել իր ընտրյալին: Նա անդադար աղիողորմ լաց էր լինում, նրա գեղեցկությունը օրեցօր թորշնում էր: Հայրը, այլևս չկարողանալով տանել միակ դստեր վիշտը, ոսկերիչին առաջարկեց իր պայմանը. ստեղծել գավաթ, որից կարող են խմել երկու մարդ միասին: Սիրած աղջկա հետ միանալու հույսով ոգեշնչված՝ երիտասարդը շատ արագ ստեղծեց հրաշալի գավաթը՝ սիրեցյալի տեսքով երկկողմանի բաժակ: Դիտերի և Կունիգունդայի հարսանիքին մասնակցում էր ողջ քաղաքը, և պսակադրության արարողության վերջում նրանք միաժամանակ գինի խմեցին: Այդ օրվանից էլ Նյուրնբերգում ծնվեց այս գեղեցիկ ավանդույթը:
Թումանյանների բանավոր զրույցներից, սակայն, գիտենք, որ Հովհաննես Թումանյանը այդ գավաթն օգտագործում էր սեղանապետի պարտականությունները կատարելիս:
Հանդիպումների, հավաքների կենտրոնական դեմքն էր Թումանյանը, իսկ քեֆերի ժամանակ` անփոխարինելի թամադա: Նրա բանավոր խոսքը նույնքան գրավիչ ու գեղեցիկ է եղել, որքան գրավորը: Նստում էր սեղանի գլխին և իրեն հատուկ լուսավոր ժպիտով բաժակ բարձրացնում այս կամ այն հյուրի պատվին: Նրա կենացները համեմված էին իմաստուն խոսքերով, զվարճալի պատմություններով ու սրախոսություններով: Զուր չեն ընկերներն արժանացրել Թումանյանին «Ամենայն հայոց թամադա» տիտղոսին: «... Հայրիկի քեֆը գործ էր»,- մտաբերում էր բանաստեղծի դուստրը՝ Նվարդն իր հուշերում: Իսկ ինքը` Թումանյանը, խոստովանում էր, որ մարդկանց հետ շփվելն իր համար ստեղծագործել է նշանակում:
Եվ ահա այդ «ստեծագործություններից» մեկն էլ մի քեֆի ժամանակ զորավար Անդրանիկիպատվին հնչեցրած հայտնի կենացն էր, որը գունեղ ու կենդանի նկարագրվածՎահան Թոթովենցիհուշերում: «Քսան տարի առաջ կար երկու նշանավոր բան -Խրիմյան Հայրիկըև իմ«Շունն ու կատուն»: Քսան տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա - իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը: Խմում եմ երկու նշանավորներից մեկի՝ Անդրանիկի կենացը»... Անդրանիկը ժպտալով պատասխանել է. «Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը...»:
Թոթովենցը շարունակում է. «Թումանյանն այնքան ծիծաղեց, որ ձեռքի գինին թափվեց, երկարեց, վերցրեց գինու շիշը, մի լայն տրամագծով կիսաբոլորակ գծեց օդում և լցրեց բաժակն ու դատարկեց: Թումանյանը գինի էր խմում էպիկական հանդիսավորությամբ: Նրա համար գինու բաժակը բերանը տանելը մի արարողություն էր, սրբազան մի արարողություն: Սովորություն ուներ, որ խոսքը սկսելիս բաժակը ցած էր դնում միայն այն դեպքում, երբ երկու ձեռքերն էլ հարկավոր էին խոսքն ուժեղացնելու համար: Գինին նրա համար հոմերական մի ըմպելիք էր՝ դրա հետ կապված էպիկական բովանդակ պոեզիայով»:
1966-1989 թվականներին Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենն էր բանաստեղծի կրտսեր դուստր Թամարը: Ըստ նրա պատմածի՝ բաժակը նվիրվել էր ընտանիքի մտերիմներից մեկին` Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ծնունդով վանեցիՎարազդատ Հարությունյանին:
1915 թվականին մանուկ Վարազդատի ընտանիքը` գաղթի դաժան ճամփան բռնած, հասել էրԷջմիածին, ապա`Թիֆլիս: Մանկությունն անցել էր Թիֆլիսի Բարեգործական ընկերության որբանոցում, որը գտնվում էրԾիրանավոր եկեղեցուբակում: Ի թիվս շատ հայ որբերի՝ նա էլ զգացել է «որբերի Հայրիկ» Թումանյանի հոգատարությունն ու ջերմությունը: «Որբանոցում անցկացրած տարիների միակ պայծառ ու հիշարժան դրվագները Հովհաննես Թումանյանի հետ հանդիպումներն էին», - մտաբերում էր հետագայում Հարությունյանը: Երախտագիտությունն ու սերը դեպի Թումանյանը և նրա ընտանիքը անվանի ճարտարապետը պահպանեց իր ողջ կյանքի ընթացքում: Նրանց հանդիպումները շարունակվում էին բանաստեղծի երևանյան թանգարանում: Այստեղ կազմակերպվող ընտանեկան խնջույքների մշտական թամադան Վ. Հարությունյանն էր՝Հ. Քոչարիցհետո: Ավանդական դարձած հավաքներին նա զարդարում էր սեղանը իր խոսքով և երգով:
Տարիներ անց Վարազդատ Հարությունյանը բաժակը վերադարձրել է Թամար Թումանյանին՝ համարելով, որ այն պետք է պահվի թանգարանում:
1976 թ. մայիսի 26-ին համաձայն N173 ակտի, բաժակը համալրել է Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի անձնական իրերի հարուստ հավաքածուն, հաշվառանիշ՝ ԹԹԳԳ755/ՀԲ785: