«Մանկությունը մարդու կյանքի ամենաընդունակ շրջանն է…»
Հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին (հ. տ. 7-ին), Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։
Փետրվարի 27-ին (հ. տ. 15-ին) Փետրվարի 15-ին մկրտվել և ստացել է պապի անունը՝ Հովհաննես (այս անունն էր կրում նաև մոր կողմի պապը)։ Բացի Հովհաննեսից, Տեր-Թադևոսն ու Սոնան ունեցել են ևս յոթ երեխա՝ չորս տղա և երեք աղջիկ՝Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916)
Չնայած նրա հայրական և մայրական կողմի պապերը սոցիալական տարբեր խավերի են պատկանել, սակայն Թումանյանի մանկության տարիներին այդ տարբերությունը վերածվել էր միայն հիշողության:
Թումանյանների ընտանիքը մինչև նրա վեցամյա հասակը եղել է բազմամարդ: Հովհաննես-աղայի որդիները՝ Ասլանը (Տեր-Թադևոս), Գրիշկան ու Մամը՝ իրենց կանանցով ու զավակներով ապրել են միևնույն հարկի տակ՝ նահապետական սովորություններով և ավանդություններով։
Հովհաննեսից բացի, Տեր-Թադևոսն ունեցել է ևս յոթ զավակ՝ չորս տղա և երեք աղջիկ. նրանցից Ռոստոմն ու Օսանը եղել են Թումանյանի մանկական խաղընկերները:
Բանաստեղծը ծննդավայրում է անցկացրել իր մանկությունը, որը համարել է իր կյանքի ամենապայծառ շրջանը. կարևոր նշանակություն է տվել այն միջավայրին, որտեղ ձևավորվել են իր մանկական տպավորություններն ու հիշողությունները:
Թումանյանի մանկական հիշողությունները սկսվում են գրեթե «ոտն ելնելու» շրջանից: Իսկ նա, ինչպես ինքն է գրում, սովորականից շատ վաղ է սկսել քայլել:
Թումանյան նահապետական բազմաճյուղ ընտանիքի մեծ ու փոքր անդամներն իրենց բնորոշ կողմերով անջնջելի դրոշմվել են ապագա բանաստեղծի հիշողության մեջ:
Ընտանիքը, գյուղական միջավայրը, լեռնային հարուստ բնությունը նրա «դպրոցն» էր, իսկ ծնողները, տատերը, գյուղի հեքիաթասացները՝ նրա առաջին «ուսուցիչները»:
Թումանյանի «ուսուցիչների» մեջ առանձնացել է հատկապես հոր կողմի տատը: Նա գեղեցիկ ու կիրթ կին էր, հետևել է թոռան կրթությանը, նրա հագնվելուն ու շարժուձևին` պահանջելով, որ ամեն ինչ մաքուր լինի:
Մանուկ Թումանյանի առաջին հոգևոր սնունդը եղել է ժողովրդական բանահյուսությունը: Նրա հիշողություններում առմիշտ դրոշմվում են մանուկ օրերին լսած ու սիրած պատմական ավանդությունները, զրույցները, առասպելները, հեքիաթները, առակները, երգերը, առածներն ու ասացվածքները՝ համեմված ժողովրդական դարձվածքներով ու ոճերով:
Իսկ Թումանյանի մանկության շրջանի հեքիաթասացներից առանձնանում է ամենակրտսերը` իր խաղընկեր Նեսոն: Նա օժտված էր ստեղծագործական վառ երևակայությամբ և վիպելու շնորհքով:
Առակախոս ծերերից էլ մանուկ Հովհաննեսի հիշության մեջ տպավորվել են իր քեռիները, հատկապես Քեռի Իսային, որի պատմած լեգենդների հիման վրա էլ գրել է «Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականները», «Արծիվն ու Կաղնին»: Իսկ հորեղբայր Մամից էլ լսել է Լոռու հորովելները, սայլերգերն ու կալերգերը:
Ապագա բանաստեղծի վրա նաև խոր տպավորություն են թողել հոր երգի ու զրույցի երեկոները:
Փոքրիկ Հովհաննեսը թեև նիհար, բայց շատ առողջ, ժիր ու աշխույժ երեխա է եղել: Հրապուրված լինելով հայրենի բնության գեղեցկություններով նախընտրել է բնության մեջ թափառումներն ու զբոսանքներն իր ընկերների հետ:
Շնորհիվ իր այդ թափառումների՝ Թումանյանը մանկուց արդեն ճանաչում էր գյուղի, նրա շրջակայքի ու սարերի հուշարձանները: Նա գիտեր բուսական աշխարհը, վայրի բույսերի, ծաղիկների բուժիչ հատկություններն ու անունները, գիտեր բանջարեղենների զանազան տեսակները:
Գեղեցիկ ու փարթամ բնության գրկում ապրող մանուկ Թումանյանի օրերը միշտ չէ, որ ուրախ են անցել: Մանկությունը նրա հիշողություններում կուտակել է նաև գյուղացիների կյանքից տխուր տպավորություններ ու պատկերներ, որոնք հետագայում պիտի իմաստավորվեին և գեղարվեստորեն մարմնավորվեին:
Այսպիսով` ընտանիքը, միջավայրը, բնությունը, ժողովրդական բանահյությունը, հայրական չոնգուրը, հովվական սրինգը եղել են այն հզոր ազդակները, որոնց ազդեցության ոլորտում բացահայտվել է Թումանյանի ստեղծագործական ձիրքն ու զարգացել նրա գեղարվեստական մտածողությունը: