Թումանյանի` մեզ հասած ամենահին բանաստեղծությունն է: 1916 թ. օգոստոսի 12-ին Ցոլակ Խանզադյանին ուղղած նամակում, պատասխանելով հասցեատիրոջ հարցին, թե որն է իր ամենահին տպագրված բանաստեղծությունը, հիշատակում է «Շունն ու Կատուն», «Գութանի երգը», «Մարոն» և ավելացնում. «Իհարկե, չեմ հիշում ամենահինը` էն սիրային ոտանավորը իր պատմությունով հանդերձ, որ գրված է չեմ հիշում 1881 թե 82 թվականին»: Սակայն այս տողերը գրելիս բանաստեղծը ըստ երևույթին նկատի է ունեցել ոչ թե իր անդրանիկ գրական փորձերը, այլ միայն պահպանված ոտանավորը, քանի որ մեկ այլ առիթով գրում է. «Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրելը: 10-11 տարեկանս Լոռիս Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ: Այդ երգերին տներ էի ավելացնում և երգում էի զանազան ոտանավորներ` երգիծաբանական, հայրենասիրական և սիրային»:
«1881 թվականին, - գրում է նա,- այս ոտանավորը բռնեցին Հմայակն ու Միքայելը, մեր տեսուչ Տիգ. (Տիգրան Տեր-Դավթյան – Խմբ.) ինձ ուզում էր ռոզգի տալ, բայց լացով պրծա: Թագավորի սպանվելուց հետո այն օրերում»:
Ստույգ հայտնի չէ, թե ում է ձոնված ոտանավորը: Թումանյանի դպրոցական ընկերներ Վարսենիկ Գևորգյանի և Սարգիս Աբովյանի հուշերում, որպես պատանի բանաստեղծի հափշտակության առարկա, հիշատակվում է Ջալալօղլու դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանի դուստր Վերգինեն (Վերգինե Պապաջանյան), որ Թումանյանից երեք տարով մեծ է եղել և դասերից հետո նրա և մի քանի ուրիշ հետ մնացող աշակերտների հետ իրենց տանը լրացուցիչ պարապմունքներ է անցկացրել: Բանաստեղծի մանկության ընկերներից մեկը` Անուշավան Աբովյանը, գրում է. «Սույն ոտանավորը պատասխանն է սիրած աշակերտուհու այն գրության, որով նա նախազգուշացրել էր Հովհաննեսին, թե չլինի՞ սիրով տարված, չկարողանա դասերը սովորել»:
Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
1881 թ.