Թումանյանի՝ մեզ հասած առաջին բանաստեղծական փորձերը վերաբերում են 1880-ական թվականներին: Իսկ վերջին՝ տպագրության հանձնած գործերը՝ «Սիրիուսի հրաժեշտը» բանաստեղծությունը և մի քանի քառյակ, նշվում են 1922 թվականի կեսեր: Հետևաբար, որոշակիորեն կարելի է ասել, որ Թումանյանի ստեղծագործական ուղին տևել է շուրջ չորս տասնամյակ: Թումանյանագիտության մեջ տարբեր մոտեցումներ կան նրա գրական ճանապարհի փուլերի վերաբերյալ:
Թանգարանի կայքում հիմք է ընդունվել թումանյանագետ , բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդ. Ջրբաշյանի մոտեցումը: Իհարկե, ինչպես ամեն մի պարբերացման մեջ, այստեղ ևս զգալի չափով պայմանականություն կա:
ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ
1881-1886
Միայն վերապահումով կարելի է այս տարիները համարել Թումանյանի ստեղծագործական կյանքի ինքնուրույն շրջան: Պահպանվել են բանաստեղծի վկայություններն այս տարիների՝ իր ստեղծագործական կյանքի մասի. «Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել: 10-11 տարեկան ժամանակս Լոռիս-Մելիքովի վրա երգեր էին գրում ժողովրդի մեջ: Այդ երգերին տներ էի ավելացնում ու գրում զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային»: Ջալալօղլու (Ստեփանավան) դպրոցում սովորելու տարիներին են գրվել «Հոգուս հատոր», «Օրորք», «Հայ վաճառական», «Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ…» ոտանավորները:
1883-1886 թթ. Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներն են: Սկսնակ Թումանյանի այս տարիների բանաստեղծությունները արտացոլում են իր ժամանակի հայ հասարակության մեջ տիրող հոգեբանական մթնոլորտը: Այնուհետ՝ գրասեր պատանու վրա խոր տպավորություն թողեց անձնական ծանոթությունը Րաֆֆու, Ծերենցի, Պ. Ադամյանի, ավելի ուշ՝ մտերմությունը Ղ. Աղայանի, Պ.Պռոշյանի և հայ մշակույթի ուրիշ նշանավոր գործիչների հետ: Մեծ մասամբ գրքային աղբյուրներից ծնունդ առած ազգային-հասարակական բովանդակություն ունեցող ոտանավորների կողքին սկսեց ի հայտ գալ գրական նախասիրությունների մի նոր ոլորտ՝ ժողովրդական բանահյուսության նյութերի հարուստ գանձարանը և դրանից լայնորեն օգտվելու սկզբունքի ձևավորումը:
ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ
1887-1892
Վեցամյա այս ժամանակաշրջանը կենսագրական և ստեղծագործական մի շարք հանգամանքներով պայմանավորված է առանձնացված:
Թումանյանի կյանքի տարեգրության մեջ այս թվականները կապվում են Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայում գրագրի պաշտոնով ծառայելու հոգեմաշ զբաղմունիք հիշողությամբ: Եվ միայն 1892 թ. մարտին նա կարողացավ աշխատանք գտնել Կովկասի Հայոց հրատարակչական ընկերության գրասենյակում: Սա նաև ընտանիք կազմելու շրջանն էր: Ստեղծագործական առումով լարված աշխատանքի ու տաղանդի առաջին հասարակական ճանաչման փուլ էր: 1887թ. «Նոր Դար» լրագրի էջերում անստորագիր տպագրվեց «Մի ավանդություն» հոդվածը, ապա՝ անեկդոտանման պատմություններ լոռեցիների կյանքից: 1890 թ., անսալով ընկերների հորդորներին, Թումանյանը համաձայնեց տպագրության հանձնել իր առաջին ժողովածուն: Մոսկվայում լույս տեսավ «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը 1892 թ. հրատարակվեց երկրորդ անգամ՝ լրամշակված: Ժողովածուն ընդգրկում է 71 անուն ստեղծագործություն, այդ թվում ՝ 6 պոեմ («Լոռեցի Սաքոն», «Մեհրի», «Ալեք», «Անուշ», «Մերժած օրենք», «Մարոն»), մի քանի բալլադ («Արևն ու Լուսին», «Շունն ու Կատուն», «Ախթամար»), թարգմանություններ Պուշկինից, Լերմոնտովից, Ժուկովսկուց:
Գրասեր երիտասարդների հետ ծանոթության մի շրջան էր սա, երբ հակադրության մեջ էր գրական լեզվի և կենդանի ժողովրդական լեզվի՝ գրական ստեղծագործության մեջ ներդաշնակելու ՝ Թումանյանի և միջավայրի մոտեցումները: «Հնգյակի» կազմում էին Դավիթ Շահլամյանը, Արամ Առաքելյանը, Գրիգոր Վանցյանը, Արսեն Ղլտճյանը և ինքը՝ Թումանյանը: Հակադրությունից դուրս գալու և ստեղծագործական սեփական ճանապարհը գտնելու համար վճռական նշանակություն ունեցավ բանաստեղծի «բնազդը. նա է ինձ հանել ու հովանավորել....»: Երիտասարդ Թումանյանի բերած ամենամեծ նորությունը վերոհիշյալ վեց պոեմներ էին, ապա նաև՝ ժողովրդական ավանդությունների գեղարվեստական մշակումը:
Ժամանակակիցների նամակները վկայում են, որ հայ աառաջավոր երիտասարդությունը Թումանյանի առաջին գրքերն ընկալել է իբրև, որոշակի առումով, հայտնություն և հայրենի գրականության ցայտուն նվաճում, իսկ հեղինակը դասվել է ազգային բանաստեղծության նշանավոր դեմքերի շարքը:
ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ
1893-1900
Թումանյանի հոգևոր աշխարհում տեղի էր ունենում ստեղծագործական ուժերի ներքին կուտակման ընթացք: 90-ական թվականները ստեղծագործական նոր թռիչքի նախապատրաստության համար էր: Այդ է պատճառը թերևս, որ առանձին հրատարակությամբ լույս տեսան միայն փոքրիկ մի ժողովածու՝ «Դաշնակներ» և «Աղբյուր» ամսագրի մատենաշարով տպագրված գրքույկը: Վերջինս ներառում էր չորս չափածո և մեկ արձակ ստեղծագործություն, «Լոռեցի Սաքոյի» վերամշակված տարբերակը, Բայրոնի «Շիլիոնի կալանավորը» և Լերմոնտովի «Մծիրի» պոեմների թարգմանությունները: Մի քանի տասնյակ բանաստեղծություններ և հատվածներ պոեմներից, պատմվածք ու հեքիաթ հրատարակվում էր պարբերական մամուլում:
Շարունակում է աշխատել նախորդ տարիներին գրված պոեմների վրա, նախնական տարբերակով ծնունդ առան «Հառաչանք», «Հին կռիվը», «Մոետն ու Մուսան», «Դեպի Անհունը» պոեմները: Այս պոեմների վրա կատարած համառ ու երկարատև աշխատանքը, ինչպես նաև նույն ժամանակ գրված, բայց անտիպ մնացած չափածո և արձակ մյուս երկերը, կազմում են 90-ական թվականների ստեղծագործական որոնումների հիմնական բովանդակությունը: Նկատելիորեն նվազեց Թումանյանի ակտիվությունը քնարերգության ասպարեզում: Նոր որակի՝ անձնական ու քաղաքացիական մոտիվների բնական համադրության, փիլիսոփայական և կենսական մեծ ընդհանրացումների ուղին նա դեռ չէր գտել: Մյուս կողմից մեծանում էր արձակ գործերի քանակը՝ այդ թվում նաև դրամատուրգիական փորձերը: Մամուլում երևացին Թումանյանի առաջին գրական-քննադատական հոդվածներն ու ելույթները:
ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ
1901-1905
Բացառիկ արդյունավետ և բուռն ստեղծագործական աշխատանքների տարիներ Թումանյանի ստեղծագործական կյանքում շատ չեն եղել: Եզակի այս շրջանում էր, որ տպագրվեցին «Մարոն» պոեմի երկրորդ և «Լոռեցի Սաքոյի» երրորդ տարբերակները: Արմատապես փոխվեց և գեղարվեստական նոր կատարելության հասցվեց «Անուշ» պոեմը: Առաջին անգամ տպագրվեցին «Պոետն ու Մուսան», «Դեպի Անհունը», «Սասունցի Դավիթը», «Փարվանան», «Թմկաբերդի առումը»: Աբասթումանում հանգստանալու և բուժվելու շրջանը զուգահեռվեց ստեղծագործական ուժերի բուռն ծաղկման հետ: Եվ 1903 թ. Թիֆլիսում տպագրվեց բանաստեղծի կենդանության օրոք հրատարակված ամենաշքեղ ժողովածուն, վերնագրված՝ «Բանաստեղծություններ»՝ աջակցությամբ Մարիամ Թումանյանի, Փիլիպոս Վարդազարյանի և այլ բարեկամների: Այն ոչ միայն Թումանյանի, այլև ողջ հայ գրականության խոշորագույն նվաճումներից է:
Թումանյանն հետևողականորեն վերացրեց 80-90-ական թթ. իր շատ երկերի մեջ առկա երկարաբանությունները, կառուցվածքի թափթփվածությունը, լեզվական անհարիր հատկանիշների զուգակցումը:
Համեմատաբար կարճատև այս փուլը իր նշանակությամբ կենտոնական տեղ է գրավոմ Թումանյանի գրական կենսագրության մեջ: Շատ կողմերով դա նրա ստեղծագործական կյանքի հանգույցն ու բարձրակետն է, որն իր գեղարվեստական արժեքներով տիրաբար իշխում է նախորդ և հաջորդ շրջանների վրա:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇՐՋԱՆ
1906-1914
Այս շրջանի ժամանակագրական սահմանները ոչ այնքան ստեղծագործական են, որքան հասարակական-քաղաքական իրողություններով պայմանավորված: Կովկասում ստեղծված բարդ իրավիճակը բանաստեղծին ստիպեց երկար ժամանակ հրաժեշտ տալ գրասեղանին, հին ու նոր գրական ծրագրերին: Ազգամիջյան արյունոտ ընդհարումների վայրերում շրջող բանաստեղծը միայն մեկ նպատակ ուներ՝ ամենուր հաստատել խաղաղություն: Բանաստեղծի մարդասիրական գործունեության այս շրջանը նրա ողջ կյանքի և ստեղծագործության նշանաբանը դարձավ, գրականության կոչման թումանյանական ըմբռնման բանալին: Կեղծ մեղադրագրերի և մատնագրերի հիմնավորմամբ ձերբակալված բանաստեղծը 1909 թ. Մետեխի բանտում գրեց «Մի կաթիլ մեղրը» և «Վայրէջք» բանաստեղծությունը: Բայց մի քանի տարի տևած հետապնդումները չէին կարող լրջորեն չվնասել նրա ստեղծագործական աշխատանքին:
1905 թ. երկրորդ կեսերից սկսվեց «Հասկեր» մանկական պատկերազարդ ամսագրի հրատարակությունը, որի գլխավոր աշխատակիցներից էր Թումանյանը: «Հասկերի» էջերում առաջին անգամ տպագրվեցին «Գառնիկ ախպերը», «Գիքորը», «Չարի վերջը», «Տերն ու ծառան», «Եղջերուն» և այլն:
Երկու տարի անց՝ 1907-ին Թումանյանը Լիսիցյանի և Շանթի հետ միասին սկսեցին կազմել և հրատարակել «Լուսաբեր» դասագիրքը:
Այս երկու ձեռնարկները հնարավորություն տվեցին ամբողջապես բացահայտելու Թումանյան մանկագրի տաղանդը: Թումանյանը սկսեց գրել մանկական լսարանին հասցեագրված բազմաթիվ բանաստեղծություններ, պատմվածքներ, հեքիաթներ:
1908 թ. Բաքվում տպագրվեց բանաստեղծի հերթական ժողովածուն, կրկին «Բանաստեղծություններ» խորագրով՝ Հովհաննես Քաջազնունու խմբագրությամբ:
Ստեղծագործական այս շրջափուլը նպաստավոր եղավ նաև բալլադի ժանրի երկերի ստեղծմամբ: Ժողովրդկան ավանդությունների և գրական աղբյուրների նոր իմաստավորման ու մշակման ճանապարհով ստեղծվեցին այնպիսի դասական նմուշներ, ինչպես «Աղավնու վանքը», «Հսկան», «Աղջկա սիրտը» և այլն:
1910-ական թթ. Թումանյանը մեծ գործ կատարեց նաև օտար հեքիաթների թարգմանության ուղղությամբ: Դրանք սովորական թարգմանություններ չէին, այլ փոխադրություն-հայացումներ, որտեղ թարգմանիչն իրեն ազատ է զգացել մոտենալու ստեղծագործաբար: Կովկասի հայոց հրատարակչական ընկերության առաջարկով 1913-1914 թթ. նա թարգմանեց Գրիմ եղբայրների հեքիաթների մի մասը: Ապա թարգմանեց իռլանդական, արաբական, ճապոնական և այլ հեքիաթներ:
Քննադատական և հրապարակախոսական հոդվածներն ու ելույթները ընդլայնում էին նրա արծարծած հարցերի շրջանակը: Թումանյան քննադատին զբաղեցրել է հայ գրականության զարգացման բոլոր շրջանները: Նա օժտված էր ոչ միայն քննադատի, այլև հետազոտող-ուսումնասիրողի տաղանդով: Դրա վկայությունն են Խ. Աբովյանին, նրա գործունեությանը և ստեղծագործական ժառանգությանը վերաբերող ուսումնասիրությունները:
ՎԵՑԵՐՈՐԴ ՇՐՋԱՆ
1915-1922
Թումանյանի կյանքի և ստեղծագործության վերջին շրջանն ընդգրկում է համաշխարհային պատերազմի, հայոց մեծ եղեռնի, պատմական այլ իրադարձությունների բուռն ընթացքը, որին կապված էր քաղաքացի-բանաստեղծի ճակատագիրը: Թումանյանի գործունեության յուրաքանչյուր դրվագ այնքան սերտորեն է կապվում հայ ժողովրդի ճակատագրի հարցերի հետ, այնքան դրամատիկ և իմաստալի է իր բովանդակությամբ, որ չի կարող անջատվել նրա ստեղծագործության բնութագրից:
Երկու անգամ ռազմաճակատ կատարած այցերը, գաղթականներին ու սովյալներին, որբ երեխաներին օգնելու գերմարդկային ջանքերը, ամենօրյա լարված ու տենդագին գործունեությունը տարբեր հասարակական կազմակերպություններում, 1918-19 թթ. հայ-վրացական զինված բախումների շուտափույթ դադարեցմանն ուղղված գործողությունները, վճռական ու համարձակ քայլերը 1921 թ. մարտ-ապրիլ ամիսներին Երևանում, նույն թվի հոկտեմբեր-դեկտեմբեր ամսիներին քաղաքացիական վերջին սխրանքը՝ հայրենիքին օգտակար լինելու նվիրումով մղված – այսբերգի տեսանելի մասերն են միայն: Եվ այս ամենի արանքում ստեղծագործելու համար ժամանակ գտածը պոետը քննում էր մարդկության և այդ համատեքստում հայ ժողովրդի կրած պատմական մեծ փորձությունների հարցն ու դրա՝ մարդու կյանքը փոխելու փիլիսոփայական ակունքները՝ իր հումանիստական աշխարհընկալման դիրքերից:
Բուն գեղարվեստական ստեղծագործության մեջ այս տարիներին նկատվում է ժանրային տեղաշարժ. չափածո և արձակ էպիկական տեսակները հասնում են նվազագույնի: Առաջին պլանում են հայտնվում քնարական ընկալման ձևերը՝ բանաստեղծությունը և քառյակը:
Հարազատ ժողովրդի և հայրենիքի ճակատագրի մասին նա 1914-16 թթ. գրեց բանաստեղծությունների մի նոր շարք, որը ներառում էր «Հայրենիքիս հետ», «Հոգեհանգիստ», «Վերջին օրը», «Դժոխքի հանդեպ» և այլն: Այս շրջանում հատկապես ցայտուն կերպով երևան եկավ Թումանյանի հայրենասիրական մոտիվների անխզելի կապը համամարդկային գաղափարների, մարդասիրական սկզբունքների հաղթանակի հեռանկարի հետ:
Խոհափիլիսոփայական բանաստեղծությունների հետ միասին («Բարձրից», «Տիեզերքի ընթերցումը», «Սիրիուսի հրաժեշտը» և այլն) ծնունդ էին առնում նաև ալբոմային բանաստեղծությունները՝ «Երազեցի շարունակ», «Երկա՜ր, երկա՜ր ման եկա» և այլն, պատկանում են Թումանյանի գեղագիտական իդեալի լավագույն մարմնավորումների թվին:
Սակայն ստեղծագործական կյանքի վերջին շրջանի գեղարվեստական ամենամեծ արդյունքը եղան քառյակները, որոնց վրա բանաստեղծն աշխատել է 1916-1922 թթ.: Բանաստեղծական փոքրածավալ ձևի սահմաններում Թումանյանը հասավ համամարդկային ընդգրկումների՝ հասարակական, բնության և համածավալ տիեզերքի հետ մարդու հավերժական կապերի առավել խոր ըմբռնման և իմաստավորման:
Թումանյանի չափածո ստեղծագործության՝ հեղինակի կազմած վերջին և ամենածավալուն ժողովածուն եղավ 1922 թ. Կ. Պոլսում հրատարակված «Բանաստեղծություններ» գիրքը: Այսպիսով՝ նա արդեն հինգերորդ անգամ կրկնում էր իր ժողովածուների այդ կայուն վերնագիրը:
Վերջին բանաստեղծական էջերը, որոնց վրա Թումանյանն աշխատել է 1922 թ. ամռան ամիսներին, արդեն ծանր հիվանդ վիճակում, եղան «Սիրիուսի հրաժեշտը» բանաստեղծությունը և «Անբուն կկուն» այլաբանական անավարտ երկը:
Այսպիսով՝ և հասարակական կյանքն արդարացի հիմքի վրա վերակառուցելու խնդիրը, և տիեզերական մեծ առեղծվածների մեջ ներթափանցելու անհագ ձգտումը մինչև վերջ զբաղեցնում է Թումանյանին: