Շատ անգամ պատմության մութ կետերը մեզ պարզաբանում և լրացնում են ավանդություններն ու արձանագրությունները։ Բայց տարաբախտաբար մեր ժողովուրդը դեռևս միայն ինքն ասում ու ինքն է լսում իրեն «պապական խոսքը»՝ ավանդությունը։ Գյուղացու պատմախոսի՝ ավանդապահ ծերուկի ձայնը դուրս չեկավ իրեն օդայի չորս մրոտ պատերից։ Ճշմարիտ է, թեև եղան անձեր, որ փորձեր արին այդ գործով զբաղվելու, բայց նրանք էլ դեռևս մի որոշ քայլ չարին և դեռ շատ հեռու են իրենց նպատակին հասնելուց, հետևաբար, դեռ մեր գրականության մեջ համարյա բոլորովին անմշակ և նույնիսկ պարապ է նրա տեղը։ Մեր պարբերական թերթերը, մանավանդ «Նոր-Դարը», հորդոր են կարդում և հաճախակի հիշեցնում այդ թերին լրացնելու մեծ անհրաժեշտությունը, հավաքելով ժողովրդի հոգու և մտավոր ստեղծագործության արդյունքները։ Անկասկած սա ուրախալի երևույթ է և, ինչպես երևում է, այդ ձայնը սկսում է արձագանք տալ։ Անշուշտ սա պետք է համարել ուրախալի երևույթ. ցանկանում ենք սրտագին, որ «ասողին ճշմարիտ լսող լինի»։ Ժողովուրդը շատ նյութ ունի տալու ամեն մեկին։
Ընթերցել ամբողջությամբ →