Այս և Թումանյանի առաջին ժողովածուից մի քանի այլ բանաստեղծությունների` Մոսկվայի հայ երիտասարդության շրջանում գտած արձագանքների մասին Մ. Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է. Ավետիսյանը 1890 թ. հոկտեմբերի 22-ին բանաստեղծին հղած նամակում գրում է. «Ձեր «Բանաստեղծությունները», այո՛, այստեղ հավանում են, բայց չհավանողներ էլ կան: Քնքուշ մայիսյան վարդը, նույնիսկ, փշեր ունի… Իմ կարծիքով, ձեզ հաջողվել է փոքր, կարճ բանաստեղծությունները. ինչպես է` «Նա էլ խեղդվեցավ», «Նահատակ», «Մարգարե», «Միամիտներին», «Երանություն էր խոստացել…» և այլն»:
I
Փարթամ Կովկասի պարզ երկնքի տակ,
Երկնաբերձ լեռան զառիվայրի կրծքին,
Հանգչում է վաղուց մի սուրբ նահատակ,
Կուսական և թավ ծմակի միջին։
Քանդված է մատուռն, քարերը ցրված,
Եվ ավերակի վերա սգառած,
Կանաչ բաղեղով խստապինդ գրկված
Նիրհում էր ուռին ճյուղերը փռած։
1888 թ.