Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ`
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից` տըխո՜ւր, դատարկ ու
խավար,
Զարկվա՜ծ հայրենիք,
Զըրկվա՜ծ հայրենիք։
Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,
Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
Ողբի՜ հայրենիք,
Որբի՜ հայրենիք։
1915 թ. հունվար